Թանկագին Արևշատ.
Քո «Տոհմածառերի երկրից» ամիսներ առաջ դեռ նոր բաժանված, մի զարմացիր, որ արդեն ապրում էի, այո՛, ապրում էի «Հայրենատների մոլորակում»` այս անգամ գրանցվելով որպես նրա հավատավոր բնակիչ։ Մենակ չեմ, քո ընթերցող հանրության հետ միասին ենք։ Եվ եզակի զգացողություն է, որ քո այս երկու գրքերի խորագրերը կարելի է և ներկայացնել առանց չակերտների։ Քո տաղանդի շնորհիվ դրանք արդեն իրական խորհրդանիշներ են այն գաղափարների, որ, ըստ էության, քո ստեղծագործական ճանապարհի, քո գրողական ճակատագրի անբաժան ուղեկիցներն են, ավելի ճիշտ, միահյուսված են քո հոգու ու սրտի յուրաքանչյուր թրթիռին, որից և ակունքվում են ինքնատիպ և հրաշալի երգեր։ Արդեն ավելի քան կես դար` այն առաջին «Երկունքներ» ժողովածուից մինչև այս վերջինները` «Տոհմածառերի երկիրը» և «Հայրենատների մոլորակը», որոնցում ներառված բանաստեղծություններն արարել ես նույն տարում` իբրև հոբելյանական նվեր քո ընթերցողներին։ Իսկ մեջտեղում` մի քանի տասնյակ չափածո ու արձակ գրքեր` բոլորն էլ արարված միայն քո ստեղծագործական ոճին և բովանդակային ինքնատիպ խոհափիլիսոփայական տարերքին յուրահատուկ հյուսվածքով, խորհրդանշական խորագրերով, քո իսկ գեղագրական նկարազարդումներով։ Բոլորը թվել անհնարին է, միայն մի քանիսը. «Օրերի հայտնությունը», «Մաքրվող հեռուներ», «Հոգենյութ», «Աստղալույսերի ձայնը», «Հոգեգույներ ծածկագրերով», ապա` Մարդ¬Տիեզերք առեղծվածային հարաբերությունները գաղտնազերծող` «Աստղալույսերի ձայնը», «Տիեզերքի սրտխփոցը»…
Զուգահեռ նաև արձակ ժողովածուներ` «Անթառամներ», «Լուսավոր հետագիծ», զուգահեռ նաև` մանկական գրքեր` «Թափանցիկ լեռներ», «Բառերի բանալին», «Թիթեռնիկների դպրոցը»։ Զուգահեռ նաև` քո գեղանկարչական ինքնատիպ տաղանդի ծնունդ «Աստղի ծնունդը», «Արևշատ», «Խոսք և գույն» և այլ ալբոմ-ժողովածուներ` խոսքի և գույնի սքանչելի համադրումով։ Մի նեղսրտիր թվարկումից. այս ամենը ընթերցողներին հիշեցնում եմ քո հոբելյանի առիթով` վերստին իմաստավորելու այն ծանրակշիռ ավանդը, որ ներդրել ես ժամանակակից հայ պոեզիայում և արձակում, ինչու չէ` նաև հայ գեղանկարչական արվեստում։ Եվ սա հաստատագրում եմ ոչ մեր «հարյուր տարվա» ընկերության հարկադրանքով, այլ գրականագետի իմ հավատամքով։ Եվ ո՞վ կարող է ավելի ճշմարիտ և խորքային իմաստավորումով ներկայացնել քո ստեղծագործության էությունը` քեզնից առավել։ ՈՒ մենք ունկնդրում ենք քո ձայնը` «Հայրենատների մոլորակի» դուռը բացելիս. «Գրքերը, որոնք գրել եմ ես, իմ ներշնչանքներից ծնված բանաստեղծական, արձակ ու հրապարակախոսական մտորումների, խոհերի մեջ կրել են ազգային ու համամարդկային, երբեմն` տիեզերական ասելիքի խորքային իմաստները։ Խորհրդանշական, փոխաբերական, քնարական ձևաչափերով փորձել եմ բացահայտել իմ ներաշխարհում արտացոլված մարդկային պատկերացումների, ընկալումների ներանձնական այն մտքերն ու գաղափարները, որոնք կարող են հայ և օտար ընթերցողներին կողմնորոշել ու տանել սիրո, բարության ու ճշմարտության բարեշրջող ճանապարհով։ Բանաստեղծական խոսքի և գեղարվեստական պատկերագրերի լեզվով փորձել եմ հայոց մշակույթի լույսը վառել մեր Տոհմածառերի երկրում և Հայրենատների մոլորակում»։
Ահա այսպես, սիրելի բարեկամ, այս մտորումներով են ծնվել նաև երկու գրքերը, որոնցում ներառված բանաստեղծությունները երկունքել ես նույն տարում` մեկը մյուսի շարունակություն, ասելիքի մի միասնական համակարգով, ու եթե առաջինը, իր Մարդ¬Տիեզերք¬Հայաստան աշխարհ խորհրդանիշներով ներկայացնում է քո սիրո, ցավի, հույսի, հավատի ու լույսի փոխակերպումների խորհուրդը, ապա երկրորդում «հայ մարդն է, նրա ներաշխարհը, ընտանիքը, մեր ազգային մտահոգությունները, հայրենիքում և սփյուռքում, մոլորակով մեկ սփռված հայրենատները բանաստեղծական հայաշունչ ներշնչանքով ծնված կենսական մտքերի ու գաղափարների լիցքեր կարող են հաղորդել ընթերցողներին»։ Քո այս մտորումներն ինչ-որ չափով ինձ «ազատում են» սոսկ գրախոսողի պարտականություններից` հայացքս վերստին սևեռելով «Հայրենատների մոլորակի» այն շերտերին, որոնք մի նոր գույնով բացվեցին սեպտեմբերի 27¬ի ճակատագրական օրը` քո իսկ հիմնադրած աշտարակյան «Յոթ մուսաների այգում», որ արդեն քանի՜ տարի դարձել է մշակույթի ու գրականության հրաշալի կենտրոն, գրողներին, արվեստագետներին, ընդհանրապես մտավորականներին համախմբող հավաքատեղի, մրգատոների եզակի հանդիսավայր։ Քասախի ձորագլխին տարածված այդ այգին մշակութային¬հասարակական քո գործունեության մի նոր ասպարեզ է` Հայաստանի մշակույթի ֆոնդի նախագահի, քո իսկ հիմնադրած «Մշակութային խորհրդարանի», «Ծիր կաթին» գիտամշակութային միավորման, ՀԳՄ պոեզիայի, հայրենի Արագածոտն մարզի գրական բաժանմունքների ղեկավարի ջանքերի համադրումով։
Դրանցում քո նախաձեռնությամբ պարբերաբար ի մի հավաքվող մտավորականները քննարկում, լուծման առաջարկներ և ուղիներ են ներկայացնում երկրի առջև ծառացած օրախնդիրների մասին։ Ահա այսպես` քո ստեղծագործական և հասարակական¬մշակութային հայրենանպաստ գործունեությունը հոբելյանիդ առիթով փորձեցի վերստին հիշատակել այս նամակում, որը շարադրման ընթացքում, հավատա, իմ կամքից անկախ, ակամա շրջադարձվեց կյանքիդ ճանապարհի անդրադարձի։ Այնուամենայնիվ, վերադառնում եմ «Հայրենատների մոլորակ», սեպտեմբերյան այն օրը, երբ նախատեսված էր անցկացնել «Հայրենատների մոլորակի» շնորհանդեսը «Յոթ մուսաների այգում»։ Լուսաբացին ստացվեց տագնապալի լուրը. մեր չարանենգ թշնամին` Ադրբեջանը, սանձազերծել է պատերազմ Արցախի դեմ։ Օրհասական այդ պահին էլ ի՜նչ շնորհանդես, ի՜նչ գրական հանդիպում, երբ սահմանի վրա կենաց¬մահու կռիվ է մղվում, երբ ողջ ազգը նորեն բռունցքվելու է՝ Արցախյան նոր հերոսամարտում դիմագրավելու անարգ թշնամուն։ Հիշո՞ւմ ես, առաջին պահին այդպես էիր մտածում դու, մենք` բոլորս։ Բայց զգացմունքայնությունը մի կերպ հաղթահարելով` հաջողվեց քեզ համոզել, որ «Յոթ մուսաների այգում» մեր հանդիպումը կայանա, քանզի քո գիրքը թեև հայրենախոս բազում շերտեր ունի, բայց ամենից առաջ այն նվիրում է Հայրենատների զինվորներին, ովքեր կոչված են «սիրով ու հավատով ծառայելու հայրենիքին, պաշտպանելու մայրատունը` հույսի, հայրենատունը սիրո, առճակատվելու և հաղթելու»։ Եվ քո գրքի ոչ միայն առաջին` «Հայրենականչ» շարքի (որ այս տարի արժանացավ ՀԳՄ և պաշտպանության նախարարության հայտարարած մրցանակաբաշխության առաջին մրցանակին), այլև «Երկնային հայրենատուն», «Վահագնի ծնունդը», «Ճերմակ մեղեդիներ», «Սրբազան պատվիրաններ», «Սիրո և լույսի համանվագ» բաժիններում ներառված բանստեղծությունները, ըստ էության, խոհափիլիսոփայական ներհուն ասելիքով հյուսված հայրենականչեր են` ուղղված Հայաստանը խորհրդանշող Տոհմածառերի երկրի և աշխարհասփյուռ հայության` Հայրենատների մոլորակի բնակիչներին` միաբանվելու մայր հայրենիքի շուրջ, նրա հավերժական երթին զինվորագրվելու և թշնամիներին հաղթելու կոչնակներով։ Եվ ուրեմն, քո այս (ինչու միայն) գիրքը նույնպես հայրենյաց զինվորի առաքելություն ունի, և նրա հեղինակ Արևշատ Ավագյանն էլ այսպես է մասնակցում Ամենայն Հայոց այս նոր հերոսամարտին` Գրով ու Գրչով, բանաստեղծական¬հրապարակախոսական զորավոր խոսքով։
Ահա այսպես`
Մեկ ազգ, մեկ բանակ
ունենալու համար
ազգային հոգով արի ու բարի,
զավակներ պետք է ունենանք,
պետք է զորացնենք
մեր հայրենիքը
քաջ ու առողջ զավակներով,
ընտանիքներով ապահով...
…Հայոց եթերը պետք է մաքրենք
թշնամու ոտնձգություններից…
Եվ ապա`
Ոչ մի թիզ վախի,
ոչ մի մետր կասկածանքի
կարիք չպետք է լինի,
սահմանի ողջ երկարությամբ
ամեն մի տունը,
ամեն մի սիրտն ու հոգին
պետք է զգան միասնական
հավատի ու կամքի զորությունը…
ՈՒ նորից`
Ծնել, բազմացնել
ու դաստիարակել է պետք
գալիքի զինվորներին,
հզոր, անկախ ու միացյալ
հայանպաստ գաղափարները
կյանքի կոչելու համար…
Եվ «շնորհանդես»¬հանդիպումը փաստորեն վերածվեց հայ քաջազուն զինվորին, մեր բանակին նվիրված հաղթական համանվագի` ներկաների թեժ ելույթների համահնչունությամբ։ Այս մտորումներով հանդես եկանք ես, գրականագետ Արմեն Ավանեսյանը, գրահրատարակիչ գրողներ Շանթ Մկրտչյանը, Վան Արյանը, պարսկագետ, թարգմանիչ Գևորգ Ասատրյանը և ուրիշներ։
Եվ վերջում որքան հուզվեցիր, իմ բարեկամ, երբ երգիչ, երգահան Արսեն Համբարյանը կատարեց ազգագրական երգեր և հնչեցրեց Արցախում ծառայող Արևշատ թոռանդ նվիրված բանաստեղծությունը։ ՈՒ ձորում մռնչացող Քասախն էլ քո հրաշունչ խոսքերով ասես արձագանքեց օրվա խորհրդին.
Պետք է հաղթենք, ճար չունենք,
միավորվենք ազգովի,
հաղթանակը մեր տոնենք
հողի վրա հայրենի…
Իմ թանկագին բարեկամ, կրկին շնորհավորելով քեզ փառավոր 80¬ամյակիդ առթիվ և փորձելով այս «տարօրինակ» անդրադարձ¬նամակն ավարտել, ինչպե՞ս կարող էի վերջում հպարտությամբ չհիշատակել գնահատանքի այն բարձր պարգևները, որոնց արժանացել ես քո ստեղծագործական գործունեության ընթացքում` Մովսես Խորանացու մեդալ, ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան, Ավետիք Իսահակյանի անվան մրցանակներ, ՀՀ վարչապետի հուշամեդալ…շատ են։ Եվ ամենաբարձր պարգևը` ընթերցող հանրության սերը քո ստեղծած գրականության, քո անձի ու գործի հանդեպ։
Ստեղծագործական նոր արարումներիդ սպասումով` մեկը Տոհմածառերի երկրի ու Հայրենատների մոլորակի բնակիչներից`
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր